ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` մարտի 1-ի հանրահավաքում ունեցած ելույթը ինձ տարավ Մադրիդ, «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտ, որտեղ մեր հանրահավաքից ընդամենը չորս օր առաջ Լիվերպուլ քաղաքի համանուն ֆուտբոլային թիմը ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում 1։0 հաշվով հաղթանակ տարավ դաշտի տերերի` Մադրիդի «Ռեալի» նկատմամբ։
Մրցակցի հարկի տակ «Լիվերպուլի» տարած հաղթանակից հետո կրկին ֆուտբոլային աշխարհի քննարկման թիվ մեկ թեման դարձավ Ռաֆայի մարտավարությունը։ Ռաֆան «Լիվերպուլի» իսպանացի մարզիչ Ռաֆայել Բենիտեսն է, ով «Լիվերպուլի» հետ մեկ անգամ արդեն հասցրել է նվաճել Չեմպիոնների լիգայի հաղթողի կոչումը եւ համարվում է գավաթային մրցաշարերի լավագույն մասնագետներից մեկը։ Մադրիդում «Լիվերպուլի» հաղթանակից հետո ֆուտբոլային Եվրոպան պրկվել է. մի՞թե Ռաֆան այս անգամ էլ հաղթող դուրս կգա։
Ինչո՞ւմ է, ուրեմն, կայանում այդ մարտավարությունը։ Բենիտեսը իր թիմի առաջ ոչ թե գոլ խփելու, այլ գոլ բաց չթողնելու խնդիր է դնում։ Ըստ այդմ` թիմը ոչ թե պետք է ֆուտբոլ խաղա, այլ հակառակորդին զրկի խաղալու հնարավորությունից։ Ու երբ խնդիրը լուծված լինի, Աստված մեծ է, երեւի մի անկյունայինից-բանից, տուգանային հարվածից-բանից կլինի, կամ հակառակորդը կնյարդայնանա գոլ խփել չկարողանալու պատճառով ու ինքնագոլ կանի կամ որեւէ այլ ճակատագրական սխալ։ Իսկ մենք` տվյալ դեպքում «Լիվերպուլը», գոլ խփած չլինելու պատճառով չենք ներվայնանա, որովհետեւ մենք մեր առաջ գոլ խփելու խնդիր չենք էլ դրել։ Մեր խնդիրը ընդամենը գոլ բաց չթողնելն է, ու երբ գոլ բաց չենք թողնում, դա հակառակորդին ներվայնացնում է, իսկ մեզ ոգեւորում, որովհետեւ նրանք իրենց խնդիրը` գոլ խփել, չեն կարողացել լուծել, իսկ մենք մեր խնդիրը` գոլ բաց չթողնել, կարողացել ենք լուծել։ Ու երբ հակառակորդը կհասնի իր հուսահատության, իսկ մենք` մեր վստահության գագաթնակետին, այդ ժամանակ դուք, այսինքն` «Ռեալի» ֆուտբոլիստները, գլխի էլ չեք ընկնի, թե ոնց ստացվեց, որ գոլ խփեցիք։ Դուք կզարմանաք, թե էդ ոնց եղավ, որ առանց այդ մտքի վրա կենտրոնանալու` գոլ խփեցիք։
Ճիշտ է, խաղի ընթացքում, երբ մեր ծրագիրը կիրականանա, հանդիսատեսը կձանձրանա, գուցե անգամ` քնի հեռուստացույցի առաջ, անգամ կսուլի ու կհայհոյի` կասի` արա, էս ֆուտբոլ ա՞, թե՞ ջրային շաշկի։ Բայց երբ մենք դուրս գանք ՉԼ մրցաշարի հաջորդ փուլ, բոլորը կասեն` մալադեց, տեսա՞ք` ոնց կրեցին Մադրիդի արքայական ակումբին։ Ահա սա է Բենիտեսի մարտավարությունը։ Չնայած` այն չի կարելի համարել հենց Բենիտեսի մարտավարություն, որովհետեւ դա ինքը չի հորինել. նման մարտավարություն ժամանակակից ֆուտբոլում շատ են կիրառում, բայց Բենիտեսը համարվում է դրա լավագույն իրագործողներից մեկը, եթե ոչ` լավագույնը։ Մարտավարությունը` մարտավարություն, բայց այն դեռ պետք է իրագործել ու դրա իրագործմամբ արդյունքի հասնել։
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, մարտիմեկյան իր ելույթում խոսելով Հայ ազգային կոնգրեսի հետագա մարտավարության մասին, ըստ էության, առաջարկեց պայքարի հենց այն մոդելը, որ Չեմպիոնների լիգայում հաջողությամբ իրագործել է Ռաֆայել Բենիտեսը, ու այդ մարտավարությունը հաջողվել է հատկապես «Լիվերպուլի» հետ։ Եթե Տեր-Պետրոսյանի ելույթը մոդելավորենք ֆուտբոլային այս տրամաբանությամբ` առաջին նախագահը ասում է, որ այս պահին կարեւորը ոչ թե հաղթելն է, այլ չպարտվելը։ Ոչ թե իշխանությանը տապալելը, այլ ընդդիմության` ոտքի վրա կանգնած լինելը, չտապալվելը։ Կամ, ավելի ճիշտ, գոլ բաց չթողնելը։ Եւ ահա, այս տրամաբանությամբ, առաջին նախագահը` ճիշտ Ռաֆա Բենիտեսի նման, մերժում է գրոհի կանխավարկածը, ասել է թե` գոլ խփելու մղումները համարում է անտեղի եւ ժամանակավրեպ։ Ֆուտբոլում այսօրինակ ձգտումների մերժումը բացատրվում է շատ պարզ. երբ գրոհում ես, պաշտպանությունում ճեղքեր են առաջանում, ինչը հակառակորդին հակագրոհելու եւ գոլ խփելու հնարավորություն է տալիս։ Սրանից հետո դու ստիպված ես ավելի շատ գրոհել` հաշվի մեջ եղած տարբերությունը կրճատելու համար, արդյունքում` քո պաշտպանության մեջ ավելի մեծ ճեղքեր են առաջանում, ինչը հակառակորդին հաշվի մեջ կրկին առաջ անցնելու հնարավորություն է տալիս։ Այնպես որ, խնդիրը շարունակում է մնալ նույնը` գոլ բաց չթողնել եւ հակառակորդն զրկել խաղալու հնարավորությունից։
Սա, իհարկե, հասկանալի մարտավարություն է, երբ խաղի հաշիվը զրոյական է, հաշիվը չի բացվել կամ ոչ-ոքի է։ Բայց մի՞թե այդ մարտավարությունը կարելի է կիրառել այն պարագայում, երբ հակառակորդ թիմի մարզիչը ահա վազել-վերցրել է Չեմպիոնների գավաթը եւ ճոճում է գլխավերեւում։ Չէ՞ որ մենք արդեն գոլ ենք բաց թողել։ Մի՞թե այս պայմաններում պետք է հավատարիմ մնալ նույն մարտավարությանը` թիվ մեկ խնդիրը համարելով նոր գոլեր բաց չթողնելը։ Եւ այս իրավիճակում ի՞նչ կարող է տալ նման մարտավարությունը եւ կարո՞ղ է արդյոք որեւէ բան տալ։ Հարցի պատասխանը կրկին տալիս են Ռաֆայել Բենիտեսը եւ «Լիվերպուլը»։ 2005 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում հանդիպում էին «Միլանը» եւ «Լիվերպուլը»։ Առաջին խաղակեսից հետո «Լիվերպուլը» պարտվում էր 3-0 հաշվով։ Պատկերացրիք, չէ՞` Բենիտեսի թիմը առաջին խաղակեսում երեք գնդակ էր բաց թողել եւ թվում էր` խաղն ավարտված է, պարտությունն` անխուսափելի։ Ընդմիջումից հետո, սակայն, երկրորդ խաղակեսում «Լիվերպուլը» երեք գոլ խփեց, հաշիվը հավասարվեց, եւ «Լիվերպուլը» դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող` ետխաղյա 11 մետրանոց հարվածներով։ Ի՞նչ էր ասել ընդմիջմանը Ռաֆայել Բենիտեսը իր թիմի ֆուտբոլիստներին` այս պահին դժվար է ասել։ Բայց թերեւս` ունեցել էր մոտավորապես այնպիսի ելույթ, ինչպիսին Լեւոն Տեր-Պետրոսյանը ունեցավ մարտի 1-ի հանրահավաքում։
Ասել էր, որ «ներկա հանգրվանում Կոնգրեսից պահանջվում է գործել առավել զգուշությամբ ու պատասխանատվությամբ՝ չբարդացնելու համար առանց այդ էլ բարդ իրավիճակը»։ Բենիտեսը, թերեւս, իր թիմին ասել է նաեւ, որ երկրորդ խաղակեսում «իշխանություններն ի ցույց են դնելու իրենց ողջ մերկությունը»։ Նրանք, այսինքն` հակառակորդ թիմը, «իրենք-իրենց քանդվելու են։ Եւ որքան մենք հանգիստ մնանք, որքան խնայենք մեր նյարդերը, այնքան ավելի շուտ են քանդվելու»։ Պատմական այդ խաղի երկրորդ խաղակեսում «Միլանը» իսկապես քանդվեց, որովհետեւ առաջին խաղակեսում երեք գոլ խփելու վրա ներդրել էր իր ողջ պոտենցիալը։ Առաջին խաղակեսից հետո թիմը հաղթում էր 3-0 հաշվով, բայց դե ֆակտո այլեւս գոյություն չուներ։
«Վերջին փաստարկը՝ դրամի բարձր փոխարժեքը, որով առայժմ հաջողվում է կայունության որոշ պատրանք ստեղծել, պայթելու է շատ շուտով։ Չեմ բացառում, որ առաջիկայում վարչախումբը կարող է հայտնվել մի այնպիսի ճարահատյալ վիճակում, որ հարկադրված լինի իր ողջ կազմով հրաժարական տալ»,- թերեւս, մոտավորապես այսպիսի բաներ է ասել Ռաֆայել Բենիտեսը 2005-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի ընդմիջմանը, երբ առաջին խաղակեսից հետո իր թիմը պարտվում էր 3-0 հաշվով։ Բենիտեսը հաշվարկել էր, որ հարկավոր է որքան հնարավոր է շուտ «Միլանի» խաղացողներին «տուն ուղարկել»։ Նրանք արդեն հաղթում են 3-0 հաշվով եւ չեն ուզում այլեւս խաղալ։ Միակ բանը, որ նրանք երազում են, խաղը արագ ավարտելն ու հաղթանակը վայելելն է։ Նրանք մտքով տանն են արդեն, ուրեմն` պետք է զգույշ լինել` նրանց խաղադաշտ չվերադարձնելու համար։ Թող նրանք մտքով գնան իրենց տները ու երբ արդեն տեղ հասած կլինեն, մի թեթեւ հարվածը կջախջախի նրանց։ Այդպես էլ տեղի ունեցավ` «Միլանը», անգամ իր համար անսպասելի, մի գնդակ ընդունեց ու քանդվեց, հետո ընդունեց երկրորդ գնդակը, հետո` երրորդ, ապա եւ պարտվեց հետխաղյա 11 մետրանոցներով։ Ահա այսպիսի մարտավարությամբ «Լիվերպուլը» դարձավ չեմպիոն։
Իսկ Մադրիդի «Ռեալի» հետ նախորդ շաբաթ տեղի ունեցած խաղում «Լիվերպուլը» գոլ խփեց հենց այն ժամանակ, երբ թագավորական թիմի ֆուտբոլիստները սկսել էին նյարդայնանալ այն փաստից, որ «Լիվերպուլը» դեռեւս կա, դեռեւս կենդանի է եւ դեռ հայտարարում է իր գոյության մասին, եւ իրենք ոչինչ անել չեն կարող, բացի խաղի կանոնների կոպիտ խախտումները։
Վերադառնալով մարտի 1-ի հանրահավաքին, փորձենք, ուրեմն, թվարկել, թե քաղաքական ինչ արձանագրումներ տեղի ունեցան այս ընթացքում։ Հանրահավաքը, փաստորեն, լուծեց իր առջեւ դրված թիվ մեկ խնդիրը. այն իսկապես բազմամարդությամբ սկսեց եզրեր փնտրել փետրվարյան առաջին օրերի հանրահավաքների հետ։ Եւ միանշանակ ամենաբազմամարդն էր վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած բոլոր հանրահավաքներից։ Սա արդեն չափազանց տհաճ փաստ է իշխանության համար` մանավանդ խորացող տնտեսական ու սոցիալական ճգնաժամի ֆոնին։
Տեր-Պետրոսյանը գիտի, իշխանություններն էլ գիտեն, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում հանրահավաքի պոտենցիալ մասնակիցների թիվը գնալով միայն մեծանալու է։ Իհարկե, հոռետեսները կասեն` ենթադրենք, թե հանրահավաքի մասնակիցների թիվը եռապատկվեց, ի՞նչ է լինելու ուրեմն։ «Խոսքը վերաբերում է, մասնավորապես, շուրջօրյա հանրահավաքների եւ անդադար երթերի ու պիկետների անցկացման պահանջին։ Կոնգրեսի ղեկավարությունն ամենեւին չի մերժում պայքարի այդ մեթոդների կիրառումը` դա դիտելով որպես քաղաքացիների անօտարելի սահմանադրական իրավունքը, սակայն գտնում է նաեւ, որ այսօր դեռեւս դրա ժամանակը չէ։ Երբ պահը հասունանա, Կոնգրեսը չի վարանի օգտվել այդ իրավունքից ….»։ Ինչու, ուրեմն, ոչ հիմա։ Առաջին նախագահը գնահատում է, որ գործող իշխանությունը դեռեւս գտնվում է թուլացման պրոցեսի մեջ, եւ գահավիժման այդ գործընթացը մաքսիմալ արագությունը դեռ նոր է միայն հավաքելու։ Ինչո՞ւ, ուրեմն, նրան հնարավորություն չտալ հավաքել սեփական գահավիժման մաքսիմալ արագությունը։ Այսինքն` մարտավարական իմաստով խիստ տրամաբանական է, որ հաղթանակի հասնելու լավագույն պահը հակառակորդի ամենաթույլ վիճակն է, եւ ուրեմն` պետք է սպասել նրա անխուսափելի թուլացմանը։
Եւ ի դեպ, իշխանությունը այս պահին համարում է, որ ինքը հաղթական հաշվի մեջ է, եւ ուզում է ավարտին հասցնել խաղը, այնպես, ինչպես «Միլանը» կուզենար, որ «Լիվերպուլի» հետ խաղը առաջին խաղակեսից հետո ավարտվի։ Բայց Տեր-Պետրոսյանը թույլ չի տալիս, որ խաղը ավարտվի։ Նա ասում է` խաղը չի ավարտվելու այնքան ժամանակ, քանի դեռ «Լիվերպուլը» չի հաղթել։ Սրանում է քաղաքականության եւ ֆուտբոլի տարբերությունը. ֆուտբոլում խաղակեսը տեւում է 45 րոպե, եթե հաղթողը չի պարզվում` գումարվում է 15 րոպեանոց երկու խաղակես, իսկ եթե սրանից հետո էլ հաղթողը չի պարզվում` գալիս են ետխաղյա «պենալները»։
Ի դեպ, առաջիկա երեքշաբթի օրը արդեն Լիվերպուլում տեղի է ունենալու Մադրիդի «Ռեալի» հետ Ռաֆա Բենիտեսի թիմի պատասխան հանդիպումը։ Ես «Լիվերպուլին» եմ բալետ անելու։

Վերջին Կարծիքները