ՀՀ կառավարության վերջին նիստում վարչապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Սարգսյանը հանդուրժողականության մասին մի ճառ արտասանեց։ Թվում էր, թե ճառի նպատակը հանդուրժողականություն քարոզելն է, ինչը սկզբունքորեն նորմալ է։ Բայց երբ փորձում ես, այնուամենայնիվ, մանրամասնորեն հասկանալ, թե ինչ է ասածը` դրա հեղինակին վիրավորելու ցանկություն է առաջանում։ Նախ` սկսում է խոսել քննադատության մասին` ասելով, որ քննադատությունը, ըստ էության, լավ եւ օգտակար բան է, որ դա պետք է նաեւ կառավարությանը, որ կողքից իր սխալները տեսնի եւ ուղղի։ Հետո ավելի է մասնավորեցնում` կտրուկ անցում անում մամուլին` ասելով, որ երբ բացում ես որոշ թերթեր, այնտեղ ոչ թե քննադատություն ես տեսնում, այլ նենգ, ստահոդ մեղադրանքներ, ծայրահեղ գնահատականներ, որոնք ոչ մի կապ չունեն իրականության հետ, որոնք ունեն մի նպատակ` վիրավորել անձին։ Ահա այս ամենի արդյունքում Սարգսյանը արձանագրում է, որ մենք դեռեւս շատ անելիք ունենք։ «Այդ չարությունը, անհանդուրժողականությունը ձուլում են նոր փամփուշտներ, լինելու են նոր սպանություններ, եթե մենք չկարողանանք մթնոլորտը արմատականորեն փոխել»,- ասում է Տիգրան Սարգսյանը։ Ընթերցողը կհարցնի` ի՞նչը ասվածի մեջ այնպես չէ։ Տեսեք` մի երկրի վարչապետ խոսում է հանդուրժողականություն-անհանդուրժողականություն գլոբալ եզրերի մասին ու մեկ էլ մասնավորեցնում, այդ ամենը ամփոփում մամուլի այն հրապարակումների մեջ, որոնք վիրավորում են անձին։ Հասկացաք, չէ՞, թե ո՛ր թերթերին նկատի ունի, եւ այդ ո՛ւմ վսեմաշուք անձն են վիրավորում այդ թերթերը, այդ որոնք են, նրա գնահատմամբ, ստահոդ ու նենգ մեղադրանքները։ Ընդհանրապես, հանդուրժողականության սարգսյանական կոչին հարգանքով կվերաբերվեի, մի լավ կխորհեի նրա ասածի մասին, կփորձեի ընդառաջ ինչ-որ բան անել, ասել` եթե չպարզվեր, որ ինքը պրոբլեմը տեսնում է ընդամենը մամուլի էջերում իր անձին հասցված` իր տեսակետից վիրավորանքի մեջ։ Նրա ասածին հարգանքով կվերաբերվեի, եթե նա որպես անհանդուրժողականության դրսեւորում դիտեր նաեւ քաղբանտարկյալների առկայությունը երկրում, որպես անհանդուրժողական օրինակ բերեր լրագրողների նկատմամբ հարձակումները, եթե ընդդիմադիր մամուլի կողքին կես բառ ասեր հեռուստատեսային խոռի` ընդդիմադիր լիդերների վրա գործված հարձակումների մասին։ Բայց չէ, այս ամենի մասին լռում է, լռում է մարդկանց հրապարակային ծեծի ենթարկելու, ծեծելով սպանելու հայտնի դեպքերի մասին։ Նրա համար անհանդուրժողականությունը այն չէ, որ ընտրությունների օրը մարդկանց գողանում են ու կանդալում։ Նրա համար անհանդուրժողականություն չէ թռուցիկ տարածող երիտասարդներին ոստիկանություններ քարշ տալը կամ լրիվ օրինական հիմունքներով երթ անող մարդկանց քաշքշելը, հացադուլ հայտարարած կանանց ոստիկանական բռի ուժով ցրելը։ Նրա համար անհանդուրժողականություն չէ, երբ թաղային ոստիկանները մարդկանց սպառնում են հանրահավաքի չմասնակցել։ Նրա համար անհանդուրժողականությունը այն է, երբ թերթերը իր անձը վիրավորում են։ Այ, որ չվիրավորեն իր անձը, ուրեմն հանդուրժողականություն է հաստատված երկրում։ Դե արի ու մի ասա` վարչապետի ֆուտլյար, իսկականից։ Բա հըլը սրա թույլ տված արտահայտությանը. «Նոր սպանություններ են լինելու, եթե մենք չկարողանանք մթնոլորտը արմատականորեն փոխենք»։ Հիմա, եկեք հասկանանք, թե ըստ նրա տեքստի` ովքեր են մթնոլորտը խաթարում։ Մի քանի թերթերը, որոնք անհանդուրժողականություն են սերմանում, եւ ուրեմն` ինքներդ ենթադրեք, թե ինչ է նշանակում մթնոլորտը փոխել։ Եւ ինքնին հասկանալի է, թե ովքեր են լինելու վարչապետի ֆուտլյարի կանխատեսած սպանությունների թիրախը։ Եւ ամենեւին էլ զարմանալի չէ, որ նա, անհանդուրժողականության ու սպանությունների մասին խոսելիս, ծպտուն անգամ չի հանում այն մասին, որ մարտի 1-ին գնդակահարված ՀՀ տասը քաղաքացիների սպանությունները մինչեւ օրս բացահայտված չեն։ Ու սրա համար նա իրեն մեղավոր չի համարում։ Նա իրեն մեղավոր է համարում միայն արմատական ընդդիմություն եղած ժամանակների համար ու ներողություն է խնդրում ընդդիմախոսներից։ Ներողություն խնդրել պետք չէ, երիտասարդ. ասա, որ որպես վարչապետ` համարում ես, որ բոլոր քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն, գլխավոր դատախազից պարզաբանում պահանջիր, թե ինչու մարտի 1-ի սպանությունները բացահայտված չեն, ոստիկանության պետից պարզաբանում պահանջիր, թե ինչու են այս տարվա մարտի 1-ին ճանապարհները փակված եղել, եւ ինչու մինչեւ հիմա գնահատական տրված չէ մի հոգուն իրենց քացու տակ առած մոտ մեկ տասնյակ ոստիկանների գործողություններին։ Ինչո՞ւ մինչեւ հիմա պարզված չէ ուղիղ նշանառությամբ քաղաքացիների վրա կրակող ոստիկանների ինքնությունը։ Ուզո՞ւմ եք` շարքը շարունակեմ։ Ասում ես` սպանություններ են լինելո՞ւ։ Վախեցնում ես, հա՞։ Գլուխդ պատին ես տվել։

Վերջին Կարծիքները